Խստաշունչ ոճը Սուրեն Պիպոյանի արվեստում (1960-1980-ական թվականներ)

Read full text
Authors: Լիլիթ Պիպոյան
Cited by: 0

Abstract

Սուրեն Պիպոյանի արվեստն անցել է զարգացման մի քանի փուլ։ Ի պատասխան ժամանակի մարտահրավերների և իր անձնական ձգտումների նա ստեղծեց սեփական գեղարվեստական ձեռագիրը։ Խրուշչովյան «ձնհալի» տարիներին՝ արվեստի ազատականացման մթնոլորտում, խորհրդային, այդ թվում հայ արվեստագետները հնարավորություն ստացան ծանոթանալու արևմտյան առաջադիմական արվեստի`պահեստներից հանված հավաքածուներին, այցելելու ցուցահանդեսներ, զորօրինակ՝ մեքսիկացի մոնումենտալիստների, Պիկասոյի, Լեժեի և շատ այլոց։ Այս տարիներին Սուրեն Պիպոյանի գեղարվեստական ձեռագիրը ենթարկվեց նշանակալի փոփոխությունների՝ ձեռք բերելով կուբիզմի և էքսպրեսիոնիզմի տարրեր։ Ակադեմիական կրթության հետ համատեղ դա հանգեցրեց նկարչին 1950-ականների կեսերից ձևավորվող նոր` «խստաշունչ ոճին», որը, որոշ փոփոխություններով, մնաց նրա ողջ ստեղծագործական կյանքի ուղեկիցը։ Սրան նպաստեց նաև «աշխատանքային ռոմանտիզմի» գաղափարը, որը տարածված էր Խորհրդային Միությունում 1960-70-ականներին, ինչպես նաև՝ նկարչի անձնական կենսագրությունը, որ անցել էր մանկության զրկանքների և Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքների միջով։ «Խիստ ոճը», ազատվելով սոցռեալիզմի կոկած, կեղծ լավատեսական գաղափարներից և մանրացվածությունից, փոխարինեց դրանք ճշմարիտ և չսիրունացված նոր ռեալիզմով։ Սուրեն Պիպոյանը ստեղծեց բազմաֆիգուր կոմպոզիցիաների ամբողջ շարք [հոդվածում դիտարկված են 12 աշխատանքներ], որոնց ընդհանուր բնութագիրը ներառում է աշխատանքային ռոմանտիզմը, հերոսականությունը, մոնումենտալությունը: Դրանք առանձնանում են զուսպ երփնապնակով, երկրաչափականացված ձևերով, առնական կերպարներով և արտահայտիչ հուզականությամբ։ Պիպոյանը անդրադարձել է աշխատանքի, պատերազմի, ցեղասպանության, պայքարի թեմաներին, արվեստագետի և մտավորականի կերպարին։

Fields of Study & Subjects

History and Cultural Heritage European Linguistics and Anthropology Historical and Political Studies

Publication details

Journal / source
History and Culture
Volume
22
Issue
1
Pages
231–249
Publication date
8 January 2026